ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik․ Եթե կա հանցակազմ, ապա պետք է լինի իրավական համապատասխան արձագանք։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քրատուղար, Գյումրու ավագանու թեկնածու Նազելի Բաղդասարյանը` անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած խուզարկություններին ու ձերբակալություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմիններն այսօր ստուգումներ են իրականացրել Գյումրիում` ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում, դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթ է նախաձեռնվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերի վերաբերյալ: Հրապարակվել է խոսակցության ձայնագրությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին։
«Ես այս պահին այստեղ եմ, որ փաստեմ՝ գյումրեցու քվեն չի վաճառվում, մնացածը իրավապահների տիրույթում է»,- հայտարարեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ տեղեկություններ է ունեցել այն մասին, որ գյումրեցիների կամարտահայտման վրա փորձել են ներգործություն իրականացնել, հորդորել է դիմել իրավապահ մարմիններին։ Անդրադառնալով այն զրույցներին, թե ինչու են իրավապահները գործողություններ կատարում ընտրություններից ընդամենը 3-4 օր առաջ, Բաղդասարյանը հակադարձեց՝ «իսկ քանի՞ օր առաջ պետք է արվեր»։
Նա նաև հայտարարեց, որ Գյումրու համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն էլ իրեն բուլինգի է ենթարկում միայն այն պատճառով, որ ինքը կին է։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։