ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարծում է` դատախազությունն իր միջնորդագրում կարողացել է բավարար չափով փաստական տվյալներ ներկայացնել, որ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը պաշտոնեական հանցագործություն է կատարել, ոչ թե խարդախություն։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին, թե որքանով է ճիշտ Աղազարյանին մեղսագրվող արարքն անվանել կոռուպցիա, այլ ոչ թե խաբեություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդապետյանն Ազգային ժողով է եկել` նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը ներկայացնելու։
«Իրականության մեջ պատգամավորը որևէ պետական, բարձրաստիճան պաշտոնյայի վրա ո՛չ ուղղակի, ո՛չ ենթադրելի ազդեցություն չի կարող ունենալ․ դա Սահմանադրությամբ ամրագրված նորմ է։ Եթե պատգամավորին մեղադրում ենք կոռուպցիոն գործարքի համար, ապա երկրորդ կողմը տեսանելի չէ, թե ում միջոցով կոռուպցիան պետք է իրականացվեր։ Պայմանական ասած` տվյալ գործողության համար պետք է էկոնոմիկայի նախարարության և ՊԵԿ-ի հետ համաձայնեցներ, ստիպեր, որ կարողանար այդ գործարքը կատարել։ Միգուցե որակենք խաբեությու՞ն, գումար է վերցրել քաղաքացուց՝ խոստանալով անիրականանալի բան կամ ինչո՞ւ է խաբեությամբ քաղաքացուց գումար շորթել, եթե հաստատվի այդ փաստը»,- հետաքրքրվեց Բագրատյանը։
Պատգամավորի կարծիքով՝ կոռուպցիան պետք է կողմեր ունենա։
Վարդապետյանի խոսքով՝ ԱԺ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում միջնորդագիրը քննարկելիս, դա է պատճառը, որ մյուս կողմերի վերաբերյալ համապարփակ լսում չի կազմակերպվում։
«Մենք ներկայացնում ենք բոլոր այն ապացույցները, որոնք մեր կարծիքով բավարար են` հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր շեմը, որ կարողանանք քրեական հետապնդում հարուցել անձի նկատմամբ։ Մեղադրանքի կողմը չի գտնում, թե այստեղ խարդախության հատկանիշներ կան։ Ինչ-որ քաղաքացու պնդումներ չեն, ցուցմունքներ են, որոնք հիմնավորվում են նաև օբյեկտիվ իրականության մեջ առկա դիրքավորումներով, հեռախոսազանգերով, հեռախոսային զրույցների բովանդակությունով»,- նշեց գլխավոր դատախազը։
Հիշեցնենք` քրեական գործի առաջին դրվագով Հովիկ Աղազարյանը կեղծ փաստաթղթերով և կաշառքի դիմաց մի քաղաքացու խոստացել է գյուղատնտեսական նշանակության կենդանիների արտահանում կազմակերպե, իսկ 2–րդ դրվագով, ըստ դատախազի, Աջափնյակում գտնվող թիվ 136 հիմական դպրոցի` վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու և փոխարենը հողատարածքի մի մասի վրա բազմաբնակարան շենք կառուցելու համար Աղազարյանը ոմն Արամ Մկրտչյանից պահանջել է 23 հազար դոլար և 300 հազար դրամ կաշառք։