«Կրոկուսի» ահաբեկչության մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը վերականգնվել է

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ
Քրեական պատասխանատվության են ենթարկվել այն անձինք, որոնք օգնել են ահաբեկչությունը կատարողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հետաքննությունը վերականգնել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մասնակիցների գործողությունների ժամանակագրությունը, այդ թվում` նախապատրաստման փուլը, բուն հարձակումը և փախուստի փորձը: Այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պետրենկոն նշել է, որ քրեական պատասխանատվության են ենթարկվել այն անձինք, որոնք օգնել են ահաբեկչությունը կատարողներին՝ տրամադրել են բնակարան, տրանսպորտ, զենք և ֆինանսավորում:

«Հետաքննությունը վերականգնել է ամբողջական պատկերը՝ նախապատրաստման պահից մինչև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալություն»,- ասել է նա։

Հիշեցնենք` 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում զինված անձինք հարձակվեցին համերգասրահի այցելուների վրա՝ կրակ բացելով ինքնաձիգներից և հրկիզելով դահլիճը։ Ահաբեկչության զոհ դարձավ 145 մարդ։
Հաջորդ օրը Բրյանսկի մարզում 4 ահաբեկիչ ձերբակալվեց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ նրանք գնում էին դեպի Ուկրաինայի սահման, որտեղ, ըստ ռուսական հատուկ ծառայությունների, նրանց անցնելու համար «պատուհան» էր նախապատրաստված:
ԱԴԾ-ն պարզեց, որ հարձակվողների գործողությունները համակարգվել են աֆղանա-պակիստանյան գոտուց՝ համացանցի միջոցով, «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից, որը Ռուսաստանում արգելված ԻՊ կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում է:
Հետաքննության շրջանակում 12 մարդ ձերբակալվեց Մոսկվայում։ 4 ենթադրյալ կատարողների մեղադրանք առաջադրվեց ՌԴ ՔՕ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն, մարտական պատրաստություն և զենքի ապօրինի շրջանառություն:
Ավելի ուշ Դաղստանից Մոսկվա տեղափոխեցին ևս 5 մեղադրյալի՝ Տաջիկստանի չորս քաղաքացու և մեկ ռուսաստանցու։ Նրանք մեղադրվում են ահաբեկչությունն իրականացնողներին ֆինանսավորելու ու նյութապես ապահովելու մեջ։
Նոյեմբերին ևս 2 կասկածյալ ձերբակալվեց, որոնք մեղադրվում են զենքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ: Հետաքննության վարկածով՝ հենց նրանք են զենքը փոխանցել ահաբեկիչներին։ Եվս 2 հանցակից փախուստի է դիմել, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: