Թրամփն ու Զելենսկին մեկ ժամ զրուցել են հեռախոսով. ի՞նչ են քննարկել

Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահը պետքարտուղարին և ազգային անվտանգության հարցերով խորհրդականին հանձնարարական է տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ մոտ մեկ ժամ զրուցել է Մոսկվայի ու Կիևի բանակցային դիրքորոշումների մերձեցման մասին և ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին զրույցի արդյունքները։
«Հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույցը, որը տևեց մոտ մեկ ժամ։ Մեր զրույցի շատ ասպեկտներ հիմնված էին նախագահ Պուտինի հետ երեկվա խոսակցության վրա, որի նպատակը Ռուսաստանի և Ուկրաինայի մերձեցումն էր նրանց պահանջների և կարիքների շրջանակներում: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ», - գրել է Թրամփը «Truth Social» սոցցանցի իր էջում։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին հանձնարարել է ներկայացնել արծարծված թեմաների մանրամասն նկարագրությունը:
Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտը շուտով կհրապարակի համապատասխան հայտարարությունը։
Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփը մարտի 18–ին զրուցել են հեռախոսով։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ուկրաինական ռազմական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հարաբերությունների կարգավորման հարցում՝ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար հատուկ պատասխանատվության համատեքստում:
Պուտինը ողջունել է Թրամփի առաջարկը, որ ուկրաինական հակամարտության կողմերը 30 օրով փոխադարձաբար հրաժարվեն էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։ Զելենսկին նույնպես հայտարարել է, որ աջակցում է այդ առաջարկին։
Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր․ Պուտինի հետ խոսելուց հետո Թրամփը գրառում է արել