Վաղարշապատի համայնքապետը 13,6 մլն դրամի գործարք է կնքել սկեսրայրի հետ․ վարույթ է հարուցվել

Դիանա Գասպարյան
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Դիանա Գասպարյանն անհատ ձեռնարկատեր սկեսրայրի հետ պայմանագիր է կնքել սեղմված գազի ձեռքբերման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հանձնաժողովից տեղեկացնում են, որ գործարքը կնքվել է 2025 թվականի հունվարի 27-ին։ Պարզվում է, որ գործարքը կնքելուց բացի Գասպարյանը նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հանձնաժողով չի ներկայացրել դրա կայացման մասին հայտարարություն։
Քանի որ հանրային ծառայության մասին օրենքով սահմանված է՝ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Այս դեպքում հայտարարությունը պետք է ներկայացվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Դիանա Գասպարյանն իր անհատ ձեռնարկատեր սկեսրայրի հետ գործարք է կնքել սեղմված բնական գազի ձեռքբերման համար։
Հավելենք, որ Դիանա Գասպարյանի ամուսինն էլ Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նրանց ընտանիքը նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, դեռ 2023թ․ լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրն էլ Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։