Պետական որևէ աջակցությունից չօգտված մի խումբ բռնի տեղահանված արցախցիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության մոտ։
Ակցիային մասնակցող կանանցից մեկը, որը բռնի տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ անհասկանալի է` իրենց փախստականի «թուղթ» տվել են, բայց մինչ այսօր որևէ աջակցությունից չեն օգտվել` ոչ 40+10 գումարից, ոչ էլ միանվագ 100 հազար դրամ աջակցությունից։
Նշենք, որ 2023–ին Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ՀՀ կառավարությունը միանվագ տրամադրեց 100 000–ական դրամ, իսկ բնակվարձի և կոմունալների համար ամեն անձը ստանում է ամսական 50 000–ական դրամ աջակցություն։
Ակցիային մասնակից կանանցից մեկն էլ, որ մանկավարժ է և 5 երեխաների մայր, Sputnik Արմենիայի հետ զրույցում բացատրեց, թե ինչու են որոշ մարդիկ դուրս մնացել աջակցության ծրագրերից։
«Գրել են` ձեր սոցիալական քարտի համարները օպերատիվ շտաբը սխալ է տրամադրել։ Հիմա իմ մեղքը ո՞րն է, ես 4 անգամ դիմել եմ, ասել եմ` փոխեք իմ տվյալները։ Հիմա էլ բնակարանի սերտիֆիկատներն են մերժում։ Ինչու կորցնեմ իմ մասը, քի՞չ է կորցրածս»,–ասում է կինը և տարակուսում, որ այս ամենի հետևանքով ինքը չգիտի` որտեղից է` ո՛չ Արցախից է, ո՛չ Հայաստանից։
Նա նշեց, որ իր ընտանիքի մյուս 6 անդամները ստացել են աջակցությունները, միայն ինքը չի ստացել, չնայած որ բազմիցս դիմել է իր տվյալները շտկելու համար։
Կնոջ խոսքով` այս պահին ոչ մի լուծում չեն առաջարկում իրենց չստացած գումարները ստանալու համար։
Բողոքի ակցիայի 2 մասնակից այս պահին մտել են կառավարությունը խնդիրը քննարկելու համար։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։