ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատաքննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը:
Նշվում է, որ դատական նիստի սկզբում Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել նիստի արձանագրություններին և դրանց կից ձայնագրություններին ծանոթանալու համար։ Միջնորդությունը բավարարվել է։ Վարդանյանին տրամադրվել է նաև ռուսերենի թարգմանիչ։
Արցախի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 1-ին:
Հիեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Ռուբեն Վարդանյան
© Photo