ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Արդյունքում Սաակաշվիլին բանտում կանցկացնի ընդհանուր 12,6 տարի ( 4,6 տարուն գումարվել է «պիջակների» գործով 9 տարվա դատավճռից 8 տարի)։
Վրացական օրենսդրությամբ պատժի հաշվարկման ժամկետն իրականացվում է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, Վրաստանի նախկին նախագահն ազատ կարձակվի 2034 թվականին, եթե ներում չշնորհվի կամ պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի: Ներման մասին որոշումը կայացնում է Վրաստանի նախագահը, իսկ պայմանական ազատման վերաբերյալ՝ հանձնաժողովը, որն առաջնորդվում է հանցագործության ծանրությամբ, ռիսկերի գնահատմամբ և դատապարտյալի վարքագծով:
2021 թվականի սեպտեմբերի վերջին Սաակաշվիլին գաղտնի ժամանել էր Վրաստան, սակայն ձերբակալվել էր, նրան նոր մեղադրանք էր առաջադրվել սահմանն ապօրինի հատելու համար։ Մինչ այդ նախկին նախագահը երկու քրգործերով արդեն իսկ հեռակա 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել։
2022 թվականի մայիսից Սաակաշվիլին պատիժը կրում է «Վիվամեդ» կլինիկայում։