Օտարերկրյա վարձկանները Կուրսկի սահմանամերձ գոտում կրակում են նահանջող ուկրաինական զորքի վրա։ Այս մասին պատմում է գերեվարված ուկրաինացի զինվորական Նազար Վալեչենկոն, որը պնդում է, որ ի սկզբանե պետք է մնար թիկունքում, հսկեր Պոլտավայի մարզում գտնվող գործարանը, ինչի համար երկու տարի առաջ 5 հազար դոլար է վճարել զինկոմիսարիատում։
Որոշ ժամանակ կաշառքը գործում էր` մինչև Ուկրաինան սկսեց բոլորին զանգվածաբար ուղարկել Սումիի մարզ:
Հիմա նա պատմում է, թե ինչպես է կորցրել գրեթե բոլոր ծառայակիցներին։ Պնդում է, որ ընկերների մի մասը ոչնչացվել է ոչ թե «Հյուսիս» զորախմբի զինծառայողների կողմից, այլ Ուկրաինայի զինված ուժերի օտարերկրյա վարձկանների ստորաբաժանումների։ Այս մասին նա իմացել է ռադիոկապից։ Ասում է` լսել է հրամաններն ու կոորդինատները, որոնք ստացել են Ուկրաինայի զինված ուժերի գնդացրորդները օտարերկրյա վարձկաններից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։