Աշխարհահռչակ բժիշկ Թոմ Քաթինան պահանջում է ազատ արձակել Արցախի նախկին պետնախարարին

Թոմ Քաթինան շեշտել է, որ Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքները բացարձակ կեղծ են ու բոլորովին անհեթեթ։
Sputnik
Աշխարհահռչակ բժիշկ Թոմ Քաթինան տեսաուղերձ է հղել` պահանջելով ազատ արձակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
«Ռուբենը բացառիկ ազնվության տեր և սկզբունքային մարդ է, և նրան ճանաչողները վստահ են, որ նրա ձերբակալությունն անօրինական է։ Միջազգային հանրությանը և բարի կամքի տեր մարդկանց կոչ եմ անում, որպեսզի պահանջեն ազատ արձակել Ռուբենին և ադրբեջանական բանտում բռնի պահվող բոլոր հայ գերիներին»,– նշել է Քաթինան։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: