ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Մայր աթոռն ու թեմերն ընդհանուր առմամբ ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի (ավելի քան 608 մլն դրամ) օժանդակություն են հատկացրել 2024 թ․ ընթացքում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացված մարդասիրական ծրագրերին, որոնք ուղղված են սոցիալապես անապահով, Արցախից տեղահանված, զոհված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին ու սփյուռքյան համայնքներին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ 2024թ․ կատարված աշխատանքները, ներկա իրողություններն ու տարաբնույթ հարցեր քննարկվել են մարտի 11-14-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ։
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։
Հիշեցնենք` ավելի վաղ խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում անդրադարձ էր արվում Բաքվում անցկացվող շինծու դատավարություններին, կարևորվում Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հորդորել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանության առաջին օրերից Մայր աթոռն ու հայաստանյան բոլոր թեմերը մասնակից են եղել արցախահայերի հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների բավարարմանը։