ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով օգնել ազատ արձակել Բաքվում գտնվող 24 քրիստոնյա պատանդներին։ Տեղեկությունը հայտնում է «Christian Newswire»-ը։
Խոսքը 23 հայ քրիստոնյաների և մեկ ադրբեջանցի քրիստոնյայի մասին է։ Նրանց թվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ծայրահեղ վիճակում է, քանի որ արդեն 21 օր է` հացադուլ է հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատանում է։
Նամակի հեղինակներն իրենց ուղերձում վկայակոչում են խոշտանգումների և շարունակվող չարաշահումների մասին հավաստի տեղեկությունները՝ պնդելով, որ Թրամփը բացառիկ հնարավորություն ունի լուծելու այս խնդիրը։
«Մենք կարծում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այդ քրիստոնյա պատանդներին: Մոտ երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց ավելի քան 120,000 հայ քրիստոնյաների նկատմամբ, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել: Այդ ժամանակից 23 հայ քրիստոնյա պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյա խոշտանգվել են: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրված է ստուգել նրանց վիճակը, հրամայվել է լքել երկիրը», - ասվում է նամակում։
Նամակի հեղինակները ԱՄՆ նախագահին հիշեցրել են 2024 թվականի հոկտեմբերի 23-ին «Truth Social»-ում արված նրա գրառումը, որտեղ Թրամփը մեղադրել էր Քամալա Հարիսին, որ նա ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների և բռնի տեղահանման ենթարկվեցին ԼՂ–ում։
«Երբ ես նախագահ դառնամ, ես պաշտպանելու եմ հալածվող քրիստոնյաներին, աշխատելու եմ վերջ տալ բռնությանը և էթնիկ զտումներին, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև», - գրել էր Թրամփն այն ժամանակ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: