ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Արագածոտնի մարզի Երևան–Գյումրի ավտոճանապարհի Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը մարդկային ոսկորներ ու գանգ է հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին տեղեկությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ստացել է այսօր ժամը 14:30–ի սահմաններում։
Ժամանած պարեկներն ու ոստիկանները սահմանազատել են տարածքը:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ կայքի` այս պահին հնարավոր չէ հասկանալ` հայտնաբերված ոսկրային հատվածները և գանգը տղամարդո՞ւ են, թե՞ կնոջ: