Մանե Թանդիլյանը կրկին հիվանդանոցում է. առողջական ցուցանիշները վատթարանում են

Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում
Մանե Թանդիլյանը Ազատության հրապարակում
Արդեն 9 օր հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը չի պատրաստվում դադարեցնել այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի արդեն 9 օր հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա բժիշկ Կարեն Մաթևոսյանը։
«Երեկ երեկոյան է վիճակը վատթարացել, տեղափոխել ենք հիվանդանոց։ Կրկին նրա մոտ կա հաճախասրտություն, գլխացավ, այժմ նաև գլխապտույտ։ Ցուցանիշները գնալով վատանում են»,– ասաց Մաթևոսյանը։
Բժիշկը նաև նշեց, որ Թանդիլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը։
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Երևանի Ազատության հրապարակում հացադուլ է սկսել մարտի 1–ից` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի` կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Հավելենք, որ մարտի 3–ին և 5–ին Թանդիլյանի վիճակըկրկին վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։
Ռուբեն Վարդանյանի ուղերձը պայքարի և անտարբեր չլինելու մասին էր․ Մանե Թանդիլյան
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։