ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, X-ում հիմնադրամի էջում կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը համախմբվել և տեր կանգնել Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանությանը։ Նա նաև անձամբ Վարդանյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը։
Փետրվարի 19-ին Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան Բաքվի դատական ֆարսի դեմ բողոքի։ Փետրվարի 26-ին Վարդանյանների ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել է, որ Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Փաստաբանը դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի շտապ միջոցներ ձեռնարկեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության համար։
«Ռուբեն, իմ սիրելի ընկեր, դու մեզ ուժեղ ես պետք և մեր կողքին, խնդրում եմ, դադարեցրո՛ւ հացադուլը և թույլ տուր, որ մենք միասին շարունակենք պայքարը հանուն արդարության»,- դիմելով Վարդանյանին՝ նշել է Ազնավուրը։
Ազնավուրը նշել է, որ Վարդանյանը միշտ պաշտպանել է Հայաստանը՝ իր մարդասիրական աշխատանքով, իր առաջնորդությամբ և ապագայի իր տեսլականով։ Նրա աջակցությունը կրթական և սոցիալական նախաձեռնություններին, համայնքների վերականգնմանը և տնտեսական զարգացման խթանմանը, նրա ազդեցությունը տարածվում են Հայաստանի սահմաններից դուրս: Նիկոլա Ազնավուրը շեշտել է, որ այն ամենը, ինչ Վարդանյանն արել է, ի շահ ողջ հայության էր՝ հանուն նրանց արժանապատվության, իրավունքների և ապրելու ցանկության։
«Հիմա մեր հերթն է` տեր կանգնելու Ռուբենին։ Մենք պետք է կոչ անենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհի հայերիս, օգնել նրան այս բեռը կրելու։ Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկենք և պահանջենք գործողություններ»,- նշել է հայտնի արտիստի որդին։
Նա կոչ է արել ցույց տալ աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում իրենց պաշտպանողներին, և այնպես անել, որ Վարդանյանի պայքարն աննկատ չմնա։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: