ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իշխանություններին կոչ է անում տեսանելի միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների խնդրի հետ կապված։ Այս մասին Տոնոյանն ասել է Armlur.am-ի հետ զրույցում։
«Ես կարծում եմ՝ կա որոշակի խնդիր կառավարության, իշխանությունների կողմից՝ ներկայացնելու իրենց աշխատանքը տարվող գործընթացների վերաբերյալ, որոնք իրականացնում են: Հասարակության մոտ սպասելիքներ կան։ Այդ խնդիրը պետք է ինչ-որ ձև լուծվի: Կարծում եմ, որ իշխանությունները պետք է ավելի ակտիվ լինեն՝ հանրայնացնելու իրենց գործողությունները, որպեսզի երկիմաստություն չլինի և հասարակության մեջ բողոք չառաջանա»,- ասել է նա։
Տոնոյանը նշեց, որ գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր դպրոցական ընկերն է եղել։
Հարցին՝ ինչո՞ւ չի միանում բողոքի ակցիաներին` օրինակ` հացադուլին, Տոնոյանը պատասխանել է, որ կարող է ավելին անել, քան հացադուլն է:
«Այս պահին որոշակի գործողություններ անում եմ: Ես որոշակի տեղեկությունների եմ տիրապետում և աշխատում եմ այնպիսի ազդեցություն ունենալ, որպեսզի այդ տեղեկությունները տեղ հասնեն»,-հավելել է նա:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։
Մարտի 1–ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի, իր այդ քայլով կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։