ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եվրամիությունը ցանկանում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին, այդ թվում՝ միության անդամ պետությունների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան:
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, միայն այդ երկրին չի վերաբերում. խոսքը Եվրոպայում անվտանգության մասին է։ Դա վերաբերում է ոչ միայն մեր արևելյան գործընկերներին, ոչ միայն Մոլդովային։ Դա կապ ունի Եվրամիության հետ», - ասել է Կոշտան Քիշնև կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Եվրոպան աջակցում է բանակցությունների հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին:
«Մենք ձգտում ենք մասնակցել նման բանակցություններին՝ Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղություն ապահովելու, ինչպես նաև եվրոպական բոլոր երկրների անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարել է Կոշտան:
Նա նաև հիշեցրել է, որ արդեն այս հինգշաբթի Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության պաշտպանության և անվտանգության հարցերով գագաթնաժողովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ եվրոպական պետությունների մեծ մասը ներկայում Ուկրաինայում հակամարտության կարգավորման որևէ ծրագիր չունի:
Նախօրեին Լոնդոնում անցկացվել է եվրոպական մի շարք երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողով՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը և հավաքական եվրոպական անվտանգությունը:
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են ավելի շատ ներդրումներ անել սեփական պաշտպանության մեջ, ինչպես նաև մեծացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Լոնդոնում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո կոչ է արել «շտապ վերազինել Եվրոպան»: