ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱՄՆ-ի ներկայացուցիչները շարունակում են Ռուսաստանի հետ քննարկումները երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայում կարգավորման հարցերի շուրջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
«Պետքարտուղար Ռուբիոյի թիմը աշխատանքային մակարդակով հանդիպել է ՌԴ–ի հետ դեսպանությունների գործունեության ընդլայնման հարցով։ Եթե մենք մտադիր ենք առաջ շարժվել բանակցություններում, ապա մեր դեսպանատները պետք է աշխատեն։ Այդ քննարկումներն են անցկացվում»,-ասել է նա։
Ուոլցը հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի «մաքոքային դիվանագիտության» օգնությամբ ԱՄՆ-ն մտադիր է առաջ շարժվել Ուկրաինայի կարգավորման հարցում:
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։