ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է ԵԱՀԿ–ից անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար»,– աված է խմբակցության ուղարկած նամակում։
Պահանջներով նամակները ուղարկվել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային։
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։