ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի քննարկել չինացի խաղաղապահների հնարավոր ներգրավումը ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում այս կամ այն ձևով Ուկրաինայում խաղաղապահ ուժերի առկայությունը, սակայն այդ առաքելության ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույց դեռ չի նախատեսվում, բայց անհրաժեշտության դեպքում կարող է օպերատիվ կազմակերպվել:
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային անվտանգության կենտրոնի փորձագետ, «Վատֆոր» նախագծի համահիմնադիր Դմիտրի Ստեֆանովիչն ասել էր, որ Ուկրաինայում երրորդ երկրների խաղաղապահները կարող են ձեռք տալ և Ռուսաստանին, և Արևմուտքին, իսկ առավել կայուն տարբերակներից մեկը կարող է լինել ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող զորակազմը:
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։
Ինչպես հայտարարել է Լավրովը, երկար ժամանակ անց առաջին դեմ առ դեմ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեք վերսկսման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում դրա ընդլայնման համար։ Մասնավորապես, Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ օտարերկրյա հաստատությունների աշխատանքում արհեստական սահմանափակումները և ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խմբեր՝ սկսելու համար ուկրաինական ճգնաժամի արագ կարգավորմանն ուղղված աշխատանքը։