Ո՞ր բանկը կվարկավորի «Ամուլսարի» ծրագիրը. Դանիել Ազատյանը` բանակցությունների մասին

Դանիել Ազատյանի տեղեկություններով` հայաստանյան մի քանի բանկեր հայտարարել են, որ հետաքրքրված են «Ամուլսարի» ծրագրին լրացուցիչ վարկեր տրամադրելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. «Ամուլսարի» հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը բանկերի հետ ակտիվ բանակցություններ է վարում պայմանների ու գումարի չափի վերաբերյալ։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
«Բացի հիմնական 1-2 բանկերից, որոնք նախատեսում են վարկավորել ծրագիրը, մի քանի բանկեր ևս հետաքրքրված են «Ամուլսարի» հետ կապված լրացուցիչ վարկեր տրամադրելով և ծրագրին աջակցելով»,– ասաց նա։
Ազատյանը խուսափեց կոնկրետ անուններ նշել` պատճառաբանելով, որ պայմանավորվածությունները վերջնական չեն և ամեն պահի կարող են փոփոխություններ լինել։
Բանկերի միության նախագահը նշեց միայն, որ ծրագրի վարկավորման ընդհանուր արժեքը 300 մլն դոլար է։
Հիշեցնենք` 2024թ–ի դեկտեմբերի 25-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ նախարարությունն ուսումնասիրում է Ամուլսարի հանքը շահագործելու համար «Լիդիան Արմենիա» ընկերությանը պետական երաշխիքով վարկ տրամադրելու փաթեթը։
2024 թ. դեկտեմբերի 12–ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Ամուլսարի ղեկավարների և հայաստանյան բանկերի միջև բանակցություններ են ընթանում, և եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, ապա բանկերը կֆինանսավորեն հանք շահագործողներին։ Խնդիրը, նրա խոսքով, ընդամենը 150 մլն դոլար ֆինանսավորելու մասին է։
Հիշեցնենք նաև` Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասել էր, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից: