ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Անկարան արդեն հայտարարել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին, սակայն այդ ուղղությամբ հստակություն դեռ չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ավելի վաղ ասել էր, որ նախատեսվում է պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպում անցկացնել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններում առկա խոչընդոտների վերացումը:
«Մենք արդեն ամենաբարձր մակարդակով ասել ենք, որ պատրաստ ենք ընդունել բանակցությունները։ Սակայն առայժմ ոչ մի կոնկրետ բան այդ ուղղությամբ չկա», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: Բանակցությունների շրջանակում բարձրացվել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։