ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ առաջին մեկնաբանություններն են հնչել։
Պետդեպարտամենտի մեկնաբանության մեջ ասվում է, որ մեկ հանդիպումը բավարար չէ ուկրաինական հակամարտության լուծման համար, սակայն Միացյալ Նահանգները և Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել բանակցությունների գործընթացի շարունակությունը արդյունավետ հունով, և որ Էր Ռիադում այդ ուղղությամբ կարևոր քայլ է կատարվել։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցային խմբեր ձևավորել: Բացի այդ, նրանք համաձայնել են ստեղծել խորհրդակցությունների մեխանիզմ՝ հաղթահարելու համար երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները։
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Լավրովը և Ռուբիոն նաև պայմանավորվել են ձեռնարկել դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորող քայլեր, ընդ որում, նրանց կարծիքով, այդ աշխատանքը կարող է արագ ընթանալ: ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ուկրաինական կարգավորումից հետո տնտեսական և ներդրումային ոլորտներում հետագա համագործակցությունը:
«Fox News»-ը գրում է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն առաջարկում են խաղաղության եռաստիճան ծրագիր, որը ներառում է հրադադար, ընտրություններ Ուկրաինայում, ապա վերջնական համաձայնագրի ստորագրում: Ուկրաինայում ընտրությունների անցկացումը կողմերը դիտարկում են որպես կարգավորման հաջող գործընթացի առանցքային պայմաններից մեկը։
Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ հակամարտության ավարտը բոլոր կողմերից կպահանջի զիջումներ և հնարավոր է միայն նրանց համաձայնության դեպքում. պայմանները պետք է «ընդունելի» լինեն, Թրամփը չի ցանկանում, որ պատերազմը վերսկսվի 2-3 տարի անց:
Ընդ որում, նրա խոսքով, Եվրամիությունն ինչ-որ պահից պետք է միանա բանակցություններին, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Հիշեցնենք` այսօր Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: