Էրդողանը վստահ է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունների համար

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուկրաինական հակամարտությունն արդեն պետք է ավարտվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարում է, որ Թուրքիան կատարյալ վայր է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հնարավոր բանակցությունների համար, այդ թվում` երկու երկրների ղեկավարների մակարդակով:
«ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության գործընթաց է սկսվել։ Մեր երկիրը կատարյալ վայր կարող է դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարն այսօր Անկարայում Վլադիմիր Զելենսկու հետ ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի ղեկավարը հավելել է` ուկրաինական հակամարտությունն արդեն պետք է ավարտվի։
«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես հայտարարել եմ, որ մեր երկիրը շարունակելու է աշխատել Սև ծովում առևտրային նավարկության անվտանգության ապահովմանն ուղղված որոշման իրականացման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ նման որոշումը վստահության ամրապնդման միջոց կծառայի բանակցությունների տանող գործընթացում»,- ասել է նա։
Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ հակամարտության ավարտը բոլոր կողմերից կպահանջի զիջումներ և հնարավոր է միայն նրանց համաձայնության դեպքում. պայմանները պետք է «ընդունելի» լինեն, Թրամփը չի ցանկանում, որ պատերազմը վերսկսվի 2-3 տարի անց:
Ընդ որում, նրա խոսքով, Եվրամիությունն ինչ-որ պահից պետք է միանա բանակցություններին, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ:
Հիշեցնենք` այսօր Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը: