Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները. հանդիպումը տևել է 4,5 ժամ

Էր Ռիադ
Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի (Երևանի ժամանակով` 11։30) սահմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հանդիպումը տևել է 4,5 ժամ։
Բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի (Երևանի ժամանակով` 11։30) սահմաններում։ Մոտ երկուսուկես ժամ հետո կողմերը 15 րոպե ընդմիջում են վերցրել, իսկ մեկ ժամ անց գնացել ճաշի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների առաջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ բանակցությունները «վատ չեն անցել», լուրջ խոսակցություն է տեղի ունեցել բոլոր հարցերի շուրջ։
Նա նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են առաջ տանել երկկողմ հարաբերությունները` հաշվի առնելով միմյանց շահերը։
Ուշակովը նշել է, որ չի կարող պնդել, թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև մերձեցում է տեղի ունենում, բայց այդ ուղղությամբ եղել է խոսակցություն։ Ինչ վերաբերում է Պուտինի և Թրամփի հանդիպման կոնկրետ ժամկետին, ապա այն դեռևս դժվար է նշել, համենայն դեպս, դժվար թե կայանա հաջորդ շաբաթ, ինչպես այդ մասին ավելի վաղ գրել էին արևմտյան ԶԼՄ-ները։
ՌԴ նախագահի օգնականը նաև ընդգծել է, որ երբ ժամանակը գա, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմեր կսկսեն շփումները Ուկրաինայի հարցով։ Թե երբ դա կլինի, կորոշի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:
Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
Մյունխենում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ էին, հատկապես Ռուսաստանի նկատմամբ. Լավրով
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ: