ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը հզոր ազդանշան է դարձել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին երկխոսություն սկսելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այժմ մենք կփորձենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով և խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին», - ընդգծել է նա հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
Բանակցությունների ֆոնին դիտարկվում է նաև երկու երկրների ղեկավարների անձնական հանդիպման հնարավորությունը։ Պեսկովի խոսքով՝ նման բանակցությունները լուրջ նախապատրաստություն են պահանջում. անհրաժեշտ է համաձայնեցնել օրակարգը, անցկացնել նախնական խորհրդակցություններ և կարծիքների փոխանակում աշխատանքային մակարդակում:
Պատասխանելով Թրամփի՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին հարցին՝ խոսնակը հաստատել է, որ նա կարող է գալ ցանկացած պահի, երբ կողմերը պայմանավորվեն մանրամասների շուրջ: Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ուրախ կլինի ողջունել աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին, որոնք պատրաստ են Մոսկվայի հետ կիսել այդ օրվա ուրախությունն ու հպարտությունը:
Հարցազրույցի հատվածները հրապարակվել են Պավել Զարուբինի Telegram-ալիքում։
Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ–ի քաղաքացիների փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Նախագահներն անդրադարձել են նաև այլ թեմաների՝ մերձավորարևելյան կարգավորում, Իրանի միջուկային ծրագիր, տնտեսության ոլորտում ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններ: