Ուղևորներից 2-ի ինքնությունը պարզվել է, նրանց փնտրում են. վարորդների բռնության հետքերով

Վալիդատոր
97 համարի ավտոբուսի 2 վարորդ ուղևորների հետ վեճի ժամանակ վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Երևանի թիվ 97 երթուղու ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել երթուղու վերջնակետում, դեպքի առնչությամբ ոստիկանությունը պարզել է ուղևորներից 2-ի ինքնությունը, այժմ ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 97 համարի ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանություն է սկսվել վճարում չկատարելու պատճառով։ Վարորդն ու վիճաբանությանը միջամտած նրա գործընկերը բռնության են ենթարկվել։ Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել։
ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին` առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում։
«Դեպքի առնչությամբ ոստիկանությունում հաղորդում է տվել «Երևան ավտոբուս» ընկերության մի վարորդ: Նա հայտնել է, որ նույն օրը, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել 3 անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։ Հաղորդում է ներկայացրել նաև «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ նրա` նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը, միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես ստացել է մարմնական վնասվածք»,– ասված է հաղորդագրությունում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ ընդգծեց, որ երկու վարորդն էլ վնասվածքներ են ստացել։
Հարցին` արդյոք ՓԲԸ–ից կամ Երևանի քաղաքապետարանից հրահանգ կա, որ վարորդները հետևեն` բոլոր ուղևորները վճարումները կատարում են, թե ոչ, մամուլի խոսնակը շեշտեց` աշխատանքային պայմանագրում կա կետ, որի համաձայն վարորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են ուղևորներին զգուշացնել, որ ուղեվարձը պետք է վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով։
Նշենք նաև, որ բազմաթիվ քաղաքացիներ էլ սոցցանցերում գրում են, որ վարորդները հաճախ ագրեսիվ պահվածք դրսևորում` պատճառաբանելով, որ «վերևներից» հրաման ունեն։ Քաղաքացիներն առանձնացնում են հատկապես 97 համարի վարորդներին` նշելով` բացի այն, որ նրանք իրենց ագրեսիվ են պահում, վերջին շրջանում էլ նախատեսվածից ուշ են ժամանում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա'մ չվճարել թանկացված ուղևորավարձը, կա'մ 100 դրամ վճարել։