ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Երևանի թիվ 97 երթուղու ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանության առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 97 համարի ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանություն է սկսվել վճարում չկատարելու պատճառով։ Վարորդն ու վիճաբանությանը միջամտած նրա գործընկերը բռնության են ենթարկվել։ Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)»,– նշեց Ավդալյանը։
Դեպքի առնչությամբ նախաքննություն է կատարվում։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժեր փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կա'մ չվճարել թանկացված ուղևորավարձը, կա'մ 100 դրամ վճարել։