Համընդհանուր հայտարարագրման մեջ կընդլայնվի սոցիալական ծախսերի վերադարձի շրջանակը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Համընդհանուր հայտարարագրման մեջ կընդլայնվել սոցիալական ծախսերի, այն է` սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը։ Ինչպես ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` դա վերաբերում է երեք ուղղությունների։
«Դա առաջին հերթին վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, դպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադրպորցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներին։
Հաջորդը վերաբերում է միջնակարգ ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերին` յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով»,-նշեց նախարարը։
Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակի 3-րդ ուղղությունը 2024–25 թթ. համար ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերն են։
Նախատեսվում է սահմանել, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թ. համար` հետադարձ ուժով, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ, բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց մասով վճարում կատարած լինելը հաշվի չի առնվում, այսինքն` սա ավտոմատ է տեղի ունենում»,– հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս է համարվում առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումն ու ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները։