ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Քութայիսի քաղաքային դատարանը 5 հազար լարիով (մոտ 1,8 հազար դոլար) տուգանել է երգչուհի Նինո Կատամաձեին և Վրաստանի ևս 8 քաղաքացիների բողոքի ակցիայիանցկացման կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով վրացական Առաջին ալիքը։
«Քութայիսի քաղաքային դատարանը 5000 լարիով տուգանել է 9 մարդու, որոնք հանրահավաք են անցկացրել Քութայիսի Վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի տան մոտ: Տուգանվածների թվում են՝ Գելա Մտիվլիշվիլին, Նինո Կատամաձեն, Վլադիմիր Ապխազավան, Խվիչա Վաշակմաձեն, Քեթևան Պիլաուրին, Մայա Ցիրամուան, Իրինա Զարանդիան, Գիվի Ցինցաձեն և Էկա Կուխալաշվիլին: Որոշումը նրանք կարող են 10 օրվա ընթացքում բողոքարկել Վերաքննիչ դատարանում», - հայտնում է հեռուստաալիքը։
Կատամաձեն դատարանի դահլիճում երգել է Վրաստանի օրհներգը։
Ակտիվիստները հանրահավաք էին անցկացրել Քութայիսի Վերաքննիչ դատարանի դատավոր Մալխազ Օքրոպիրաշվիլիի տան մոտ այն բանից հետո, երբ նա մերժել էր «Բաթումելեբի» խոշոր լրատվամիջոցի հիմնադիր Մզիա Ամագլոբելիի գործով բողոքը: Ամագլոբելին, որը մեղադրվում է ոստիկանի վրա հարձակման համար, ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։
Նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մինչև 2028 թվականը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների քննարկումը դադարեցնելու որոշման մասին հայտարարությունից հետո։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները ձերբակալել են մի քանի հարյուր մարդու։