ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Փարիզը խեղաթյուրում է փաստերը՝ հայտարարելով ՌԴ-ում Monde թերթի թղթակցի հավատարմագրումը հետ կանչելուն «պատասխան միջոցների» մասին։ Իրավիճակի պատասխանատվությունը Ֆրանսիայի վրա է, որը բազմիցս մերժել է վիզաներ տրամադրել ռուս լրագրողներին։ Այս մասին հայտարարել են Փարիզում ՌԴ դեսպանատանը:
«Մեծ զարմանքով ծանոթացանք Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի արտահայտություններին այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է «պատասխանել» Մոսկվայում «Monde» թերթի թղթակցի հավատարմագրման երկարաձգումը մերժելու` ռուսական կողմի որոշմանը: Ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ ֆրանսիական կողմն ամեն ինչ գլխիվայր է շրջում։ Հիշեցնում ենք, որ հենց ֆրանսիական իշխանությունների կողմից «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցներին մուտքի արտոնագրեր տրամադրելու բազմակի մերժումներն էին պատճառը, որ ՌԴ-ն պատասխան միջոցներ ձեռնարկեց ֆրանսիական այս ոչ բարեկամական քայլերին: Այսպիսով, ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է ֆրանսիական կողմի վրա»,-հայտնել են դեսպանատնից։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն «անընդունելի» էր անվանել Ռուսաստանի պատասխանը, որը չէր երկարաձգել Monde թերթի լրագրողի հավատարմագրումը այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը մերժել էր աշխատանքային վիզա տրամադրել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցին:
Փարիզը Մոսկվային կոչ էր արել վերանայել այդ որոշումը, «որը հակառակ դեպքում պատասխան կպահանջի»։
Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ֆրանսիական Monde թերթի թղթակից Բենժամեն Կենելի հավատարմագրումը Ռուսաստանում չի երկարաձգվել՝ ի պատասխան Փարիզի կողմից «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողին վիզա չտրամադրելու: Նա հավելել է, որ Կենելը ՌԴ-ում կհավատարմագրվի ֆրանսիական կողմից վիզայի տրամադրման հետ կապված խնդիրները լուծելու դեպքում:
Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է բարդանում։ Դեռևս 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում խոսվում էր ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ էին ճանաչվել Sputnik-ը և RT-ն:
Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, այդ թվում` ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ին մեղադրել են ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ընտրություններին իբր միջամտելու մեջ, սակայն ոչ մի ապացույց չեն ներկայացրել:
Վերջին շրջանում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշորագույն ԶԼՄ-ների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը Եվրամիության տարածքում: Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրների ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար։