Թուրքիայի իշխանությունը Բոլուի հրդեհից հետո ավելի քան 160 հյուրանոց է կապարակնքել երկրում

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը երկրի բոլոր 81 նահանգներին շտապ ծանուցագիր է ուղարկել հյուրանոցների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Թուրքիայի իշխանությունները Բոլուի ողբերգությունից հետո ավելի քան 160 հյուրանոց են կապարակնքել Թուրքիայի Բուրսա նահանգում, այդ թվում՝ հայտնի Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրում: Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում առնվազն 50 հյուրանոց են կապարակնքել Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհից հետո, Ստամբուլում մտադիր են բոլոր օրինախախտ հյուրանոցները փակել մինչև երկուշաբթի:
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել թուրքական հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ
ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը երկրի բոլոր 81 նահանգներին հրատապ ծանուցում է ուղարկել հյուրանոցային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող հյուրանոցների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
«Բուրսայի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը ակտիվ գործողություններ է սկսել և 161 հյուրանոց է կնքել նահանգի 17 շրջաններում։ Օբյեկտները չեն ունեցել լիցենզիաներ, ձեռնարկության գրանցում կամ այնտեղ հայտնաբերվել են թերություններ: Կնքված օբյեկտների թվում են Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող 25 ձմեռային տնակները»,-նշում է գործակալությունը։
Հունվարի 21-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Թուրքիայի Բոլու շրջանի Քարթաքայա լեռնադահուկային հանգստավայրում։ Grand Kartal հյուրանոցում հրդեհի զոհ է դարձել 78 մարդ։ Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն: Ավելի վաղ Grand Kartal հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրքյուլը ողբերգության ողջ պատասխանատվությունը դրել էր անձնակազմի վրա՝ մեղադրելով խոհարարին, էլեկտրիկին և անվտանգության աշխատակիցներին: