ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ–ում 52 պետական մարմնից հետ կվերցվի ընդհանուր առմամբ 423 միավոր տրանսպորտային միջոց և կամրագրվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ավելացրեց, որ որոշման ընդունումից հետո 4 ամսյա ժամկետում կավարտվի նաև հանձնման–ընդունման գործընթաց։
Նա նաև տեղեկացրեց, որ ծառայողական մեքենաների մեծամասնությունը կվաճառվի աճուրդում, իսկ նրանք, որոնք թարմ ու նոր են, կփոխարինեն պետական համակարգում առկա ավելի հին մեքենաներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ում այսպիսով կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը։
«Կառավարման մարմիններին մենք մղում ենք ավելի շատ շփվելու մարդկանց հետ և բյուջետային ծախսերն ավելի արդյունավետ դարձնել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2024 թ. տարեվերջին Փաշինյանը հայտարարեց, որ «վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր քաշել»։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։