ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր է ճանաչվել և ազատազրկվել 4 տարի 4 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։
Հաշվի առնելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրա նկատմամբ նաև նշանակվել է 500 հազար դրամի տուգանք։
Բացի այդ, Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել է պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Վանաձորի նախկին քաղաքապետը նշեց, որ որոշումը բողոքարկելու են։
«Քանի դեռ ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պետք է բողոքարկենք։ Հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ այս պրոցեսներին հետևելիս»,– ընդգծեց Ասլանյանը։
Նրա խոսքով` ակնհայտ էր, որ դատավորը կաշկանդվածություն ունի, քանի որ նա հուզական լարված վիճակում էր։
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո գրավի դիմաց ազատ արձակվեց 2024 թվականի հուլիսի 16-ին։
2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին: