Ալեն Սիմոնյանը հայց կներկայացնի 2 լրատվամիջոցի դեմ` ՌԴ–ի հետ կապված հրապարակումների համար

ՀՀ ԱԺ խոսնակի կարծիքով` մի բան է ներքին թեմաների շուրջ զրպարտություն անելը, մեկ այլ բան, երբ միջպետական հարցեր են շահարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է դատական հայց ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
Պատճառն օրեր առաջ լրատվամիջոցի հրապարակումն է, որտեղ ասվում է, իբր խորհրդարանի խոսնակը բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել է` «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:
«Եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից: Մի բան է, երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան, երբ շահարկվում է միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու: Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են»,– նշել է ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ մեկ այլ հայց էլ պատրաստվում է ներկայացնել «Մեդիահաբ» լրատվականի դեմ, որի լրագրողը պարբերաբար իր անձին է անդրադառնում։ Ընդգծում է` այդ լրագրողը հերթական անգամ փորձել է սուտ տեղեկություններ հրապարակել` նշելով, թե ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին, իսկ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն էլ զայրացել է։
ԱԺ նախագահը շեշտել է` այժմ այդ հարցերը կքննարկվեն դատարանում։
Հետևողական ենք լինելու. ընդդիմադիր պատգամավորները ՀՀ ԱԳՆ–ի դեմ հայց են ներկայացրել