ՀՀ վարչական դատարանը «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ բարենպաստ որոշում է կայացրել

Դատարան
Դատարան
Հայաստանում ոսկու երկրորդ խոշոր հանքավայրը տևական ժամանակ չի գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունարի – Sputnik. ՀՀ վարչական դատարանը վճռել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
2015 թ. 2 հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել նախարարության կողմից «Լիդիան Արմենային» տրված այն թույլտվությունները, որոնցով ընկերությանը թույլատրվել էր շահագործել նաև Ամուլսարի հանքավայրի Էրատո տեղամասը:
«Դատարանը վճռել է, որ վիճարկվող ակտերը հանդիսանում են հիմնական թույլտվությունների փոփոխություններ, հետևաբար հիմնական թույլտվությունների իրավաչափության պայմաններում դրանց իրավաչափությունը ևս չի կարող կասկածի տակ դրվել»,– ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունից նշում են, որ այս գործով ներկայացված հայցը բովանդակությամբ և հայցվորների կողմից բերված փաստարկներով ամբողջովին նույնական է այն դատական գործով ներկայացված հայցի հետ, որի առնչությամբ վարչական դատարանը 2024թ. դեկտեմբերի 2-ին որոշում էր կայացրել` մասնակիորեն բավարարելով հայցվորների` տվյալ դեպքում մի քանի քաղաքացու հայցը:
«Լիդիան Արմենիան», երկու դատական գործում էլ հանդիսանալով որպես երրորդ անձ, արդեն իսկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է դեկտեմբերի 2-ի վճիռը:
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ 2019 թվականին «Լիդիան Արմենիան» հայտարարեց, որ պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար կորցնում է 500 հազար դոլար։
ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը 2023-ի փետրվարին եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում էր ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը պետք է կազմեր ԵԱԶԲ-ի վարկը:
2024 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԵԱԶԲ–ն ժամանակավորապես դադարեցրել է մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործման նախագծին։ Բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովն ասաց, որ հանքի հետագա ճակատագիրը կախված է Հայաստանի ներքին որոշումներից և բնապահպանական փորձաքննությունների ավարտից:
Հավելենք, որ «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցել է ՀՀ կառավարությանը։