Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 20 մարդ է մահացել

Գազայի հատված
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 899-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իսրայելական բանակի գնդակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է մահացել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական օկուպացիոն զորքերը Գազայի հատվածում իրականացրել են ընտանիքների երեք զանգվածային սպանություն` 23 մարդ մահացել է, 83-ը` տուժել։ Մի շարք տուժածներ դեռևս փլատակներում են ու ճանապարհներին, շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադները չեն կարողանում հասնել նրանց», - նշվում է հաղորդագրության մեջ:
Գազայի հատվածում իսրայելական գնդակոծությունները շարունակվում են` չնայած Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի համաձայնագրով նախանշված ժամկետին, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ի առավոտյան:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 46 899-ի, ևս 110 725 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։