ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ։ Այս մասին Tert.am-ում հոդված է հրապարակել գործարար, քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը:
Իր հոդվածում նա անդրադարձել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին, ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտներին, ինչպես նաև ԵՄ–ին անդամակցության գործընթացին:
Ծառուկյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները բազմիցս են հպարտությամբ նշել մեր տնտեսության համար ԵԱՏՄ կարևորությունը` ընդգծելով, որ ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը, որը 2 անգամ ավելին է, քան 2023 թվականին։
Նրա համար անընդունելի է այն, որ 2025 թվականը ՀՀ կառավարությունը սկսեց ԵՄ–ին մեր երկրի անդամակցության գործընթացով։
«Բացառապես խոսելով տնտեսական տեսանկյունից՝ կարող եմ ասել, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիփոթեք մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն, դա նշանակելու է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար՝ բարձրանալու են բոլոր ապրանքների գները, մեր խնայողությունները նվազելու են»,– գրել է նա։
Ծառուկյանը հիշեցրել է, որ տարբեր հաշվարկներով՝ մինչև 3 մլն հայ է ապրում Ռուսաստանում, որից 800 հազարն առանց կարգավիճակի ու համապատասխան թույլտվությունների, ինչը հնարավոր է եղել բարեկամական հարաբերությունների պայմաններում։ Ըստ նրա` հիմա այս մարդկանց հետագա ճակատագիրը խիստ անորոշ է դառնում։
Բացի այդ, ըստ նրա` տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին։
«Եթե մենք ուզում ենք դուրս գալ կապիտալի ազատ տեղաշարժի դաշտից, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ։ Արտահանման ամբողջական ոլորտներ կան, որոնք ուղղակի կարող են ոչնչանալ։ Դրանք չեն կարող փոխարինվել որևէ այլ արտաքին շուկայով։ Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես, ու որը քո տնտեսական աճի հիմքում է»,– գրել է Ծառուկյանը։
Նա ահազանգում է` կորցնելով ԵԱՏՄ հնարավորությունները՝ կարող ենք կորցնել կարևոր հարաբերությունների մակարդակ Իրանի հետ, որը դարձել է ԵԱՏՄ ասոցացված անդամ։
«Նավթամթերքը նույնպես հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Հացահատիկը նույնպես հիմնականում ստանում ենք Ռուսաստանից՝ նորից մեզ համար բավականին ձեռնտու գներով։ Ինչպե՞ս կարելի է ռիսկի տակ դնել 10 տարի գոյություն ունեցող համակարգը, որից մեր տնտեսությունը ահռելի օգուտներ է ստացել։ Հանուն ինչի՞, ինչ-որ հեքիաթի, որն իրականություն չի դառնալու։ Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը»,– եզրափակել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույն օրը հայտարարեց, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագիծը երկրին կանգնեցնում է ընտրության առաջ։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ շեշտեց՝ «Հայաստանի ղեկավարության որոշումը՝ սկսել որևէ միջազգային կառույցին անդամակցելու գործընթաց, ինքնիշխան որոշում է։ Բայց բոլոր դրական ու բացասական կողմերը կշռելը ևս Հայաստանի իշխանության պարտականությունն է»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։