Տրանսպորտի թանկացման դեմ 76 000 ստորագրություն է հավաքվել. ի՞նչ է անելու Մարությանը

Ստորագրահավաք՝ «Երիտասարդական» մետրոյի մոտ
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ իրենց բազմաթիվ քաղաքացիներ են դիմում, որպեսզի բոյկոտ կազմակերպվի` ընդդեմ տրանսպորտի թանկացման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվել է բողոքի ակցիա, որի ընթացքում ստորագրահավաք է նաև արվել։
Նշենք, որ ակցիան կազմակերպել էր Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր Հայկ Մարությանը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիայի ընթացքում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ արդեն 76 000 ստորագրություն է հավաքվել:
«Արդեն հավաքվել է 76 000 ստորագրություն, դա ավելին է, քան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է ավագանու ընտրությունների ժամանակ։ Մարդիկ դեռ շատ են մեզ դիմում ու խնդրում մասնակցել, դրա համար այսօր էլ նախաձեռնեցինք ստորագրահավաք»,– ասաց նա։
Ավագանու անդամը շեշտեց, որ այսօրվա ակցիայի նպատակը քաղաքացիների հետ հետագա քայլերը որոշելն է, քանի որ, ըստ նրա, մարդիկ անձամբ դիմում են, որպեսզի բոյկոտ կազմակերպվի։
Հավելենք, որ Մարությանը 2024 թվականի նոյեմբերի 4-ից է սկսել ստորագրահավաքը` պահանջելով, որ 1 ուղևորատոմսը լինի 100 դրամ։ Նրանց խմբերը շրջում էին քաղաքում ու զուգահեռ նաև իրազեկման ակցիաներ իրականացնում։ Այսպիսով հույս ունեն, որ կկարողանան քաղաքային իշխանություններին ստիպել հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։