Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ բոլոր արտոնություններից․ Սուրենյանցը՝ Օվերչուկի զգուշացումների մասին

Քաղաքագետն առաջարկում է Փաշինյանին ուղերձով դիմել ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Հայաստանը թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակումից պաշտպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Մաքսային միության (կազմի-խմբ.) փոփոխությունը նշանակում է, որ Հայաստանը կզրկվի բոլոր արտոնություններից, որոնք նրան տալիս է ԵԱՏՄ-ն։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ հենց այդ մասին էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության նախագծի վերաբերյալ։
Ալիևի հայտարարությունները պատերազմի անոնս են․ Սուրենյանց
Հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկել խորհրդարան: Օվերչուկն արդեն հայտարարել է, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, քանի որ երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն:
«Օվերչուկը փաստացի հայտարարեց այն հետևանքների մասին, որոնք սպասում են Հայաստանին»,- ասաց Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:
Սուրենյանցը կոչ արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանել իր ավելի վաղ հնչեցրած այն թեզը, որ ռազմավարական կողմնորոշման փոփոխությունն անհրաժեշտ է Արևմուտքի աջակցությունը ստանալու համար:
«Ես հանուն երկրի ուզում եմ, որ նա հիմա այս թեզը պաշտպանի ու բոլորիս համոզի, որ մենք ենք սխալ»,- ասաց Սուրենյանցը։
Նա վարչապետին առաջարկեց դիմել Հայաստանի ժողովրդին, իսկ հետո ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներ Ջո Բայդենին կամ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։
«Ասեք՝ մենք կանգնած ենք ներխուժման վտանգի առաջ, ձեր ռազմական օգնությունն է պետք։ Բա ռազմավարական կողմնորոշումը փոխում ես, որ քո նախկին գործընկերները կամ դաշնակիցները քեզ չեն աջակցել, նորերը պատրաստ են աջակցել»,- ասաց Սուրենյանցը։
Այն, որ ԱՄՆ-ի արագ արձագանքման ուժերը կամ ֆրանսիական լեգեոնը կգան Հայաստան՝ մեզ պաշտպանելու թուրք-ադրբեջանական ագրեսիայից կամ կկռվեն ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ, քաղաքագետն անհավանական է համարում։