ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել է 124 հրշեջ-փրկարար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշենք, որ արտակարգ իրավիճակի մասին ահազանգը ստացվել է հունվարի 5-ին, ժամը 8։00-ի սահմաններում։ Ժամը 10։20-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էր 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ՝ ընդհանուր առմամաբ 87 հրշեջ-փրկարար։
«Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 124 հրշեջ-փրկարար։ Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունից նաև տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում և Տավուշում նաև անձնակազմի հավաք էր հայտարարվել։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։