Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կալանավորվեց

Տիրան Խաչատրյանը . Արխիվային լուսանկար
Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հունվարի 4–ի առավոտյան ձերբակալված ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում, հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ Խաչատրյանի փաստաբանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ կապված 44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ։ Կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։

«Ինչպես և ենթադրվում էր, 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանը, անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին»,–գրել է Խաչատրյանի պաշտպանը։

Նա նշել է, որ այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ), դրանից բացի, այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է` այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում։
Հավելենք, որ Հ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Հիշեցնենք` Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ` 2021 թվականի փետրվարին, գեներալը
հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Խաչատրյանի հեգնական հայտարարություններն էին ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարության։ Վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Իր հրաժարականից հետո գեներալը բազմիցս քննադատել է իշխանությունների քաղաքականությանը և մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։
Նշենք, որ գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի գործով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, որը կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։
ՀՀ պաշտպանությունը պարզապես կքանդվի․ Տիրան Խաչատրյանը` սահմանազատման մասին