ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում դեռ չեն որոշել, թե իրավական որ տարբերակն է հարմար ԱՄՆ–ի բիզնես դասի տոմսի գումարը փոխհատուցելու համար։
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Հայկ Մարության–Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ պարզվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար)։ Բանավեճի ընթացքում ծախսերի թուղթը ներկայացրեց հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այդ ժամանակ Ավինյանը Մարությանին մեղադրեց շոու անելու մեջ, և անընդհատ առաջարկում էր դադարեցնել այդ շոուն։
Ավինյանը դեկտեմբերի 23-ի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ տոմսի գինն իմանալուց հետո ապշել է թվերից, ու այդ պատճառով որոշել է ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ մեկնելու տոմսի ծախսը։
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ տարբերակով է այդ գումարը փոխհատուցվելու, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ այդ գործընթացը կիրականացվի փոխանցման տարբերակով։
«Փոխանցումը կիրականացվի օրենսդրորեն թույլատրելի հնարավորինս կարճ ժամկետում»,– նշել են կառույցից։
Ճշտող հարցերին, թե ինչ օրենսդրության և ժամկետների մասին է խոսքը, ու ինչպես է փոխանցումն արվելու, քաղաքապետարանից ընդգծեցին` դեռ պետք է հասկանան, թե իրավական առումով որ տարբերակն է ընդունելի, առայժմ հարցը քննարկվում է համապատասխան բաժնում, բայց վստահեցնում են` փոխանցումն անպայման կկատարվի։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի աղբյուրներով` Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու թանկարժեք տոմսի շուրջ սկանդալից հետո աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի գնումների վարչության աշխատակիցներից մեկը։