ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։ Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ–ներն ու Telegram–ալիքները։
«Արշակ Կարապետյանին ցերեկը բերման են ենթարկել Տվերսկայա փողոցից»,– գրում են ԶԼՄ–ները։
Նշվում է, որ ՊՆ նախկին ղեկավարի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել մի քանի հոդվածով։ Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իշխանությունը չարաշահելու հոդվածներով։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարար է եղել ընդամենը մի քանի ամիս` 2021 թվականի օգոստոսի 2-ից նոյեմբերի 15-ը։
Մինչ այդ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, այնուհետև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը։ 2024 թվականին Կարապետյանը ստեղծել է «Համահայկական ճակատ» կուսակցությունը։ Դրա հիմնադիր համագումարի ժամանակ Կարապետյանը ներկաներին դիմել է տեսակապով, քանի որ արդեն տևական ժամանակ արտերկրում էր։
Չնայած այդ գործընթացներին` ՀՀ արդարադատության նախարարությունը որոշ խախտումներ արձանագրելու պատճառով հրաժարվել էր գրանցել կուսակցությունը։