ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական տանկերն ու զինծառայողները մտել են Դամասկոսից 67 կմ հարավ՝ սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Էլ Կունեյտրա նահանգի Ալ Բաաս քաղաք։ Այս մասին հայտնում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը։
«Իսրայելական օկուպացիոն ուժերը տանկերի և զրահատեխնիկայի միջոցով առաջ են շարժվել դեպի Աս-Սալամ (նախկին անվանումը՝ Ալ-Բաաս) քաղաք՝ հասնելով մշակույթի տան, մատակարարման դեպարտամենտի, պետական էներգաընկերության, անշարժ գույքի բանկի և հացապահեստի շենքերին», - ասվում է հրապարակման մեջ:
Թերթի տվյալներով՝ խուզարկություններ անցկացնելու պատրվակով իսրայելցի զինվորականները սիրիացի պետծառայողներից պահանջել են լքել հաստատությունները։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելի բանակը Սիրիայի հարավում՝ Գոլանի բարձունքների և հարակից մի շարք շրջաններում, գրավել է չեզոք տարածքներ՝ խախտելով 1974թ.ուժերի տարանջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները: Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
Մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում։ Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելական զորքերը գրավել են այս տարածքը. 1973 թ. Դատաստանի օրվա պատերազմի արդյունքում կողմերը կնքել են զինադադարի և զորքերի տարանջատման համաձայնագիր: 1974-ին Գոլանի բարձունքներում տեղակայվել են ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետեր: Սահմանային գիծը սիրիական կողմից ստացել է «Բրավո» անվանումը, Իսրայելի կողմից անցնում է «Ալֆա» գիծը: