ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում նախատեսվում է 8,668 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրություն, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։ Այս մասին ասվում է 2025 թվականի էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսման հաշվեկշռում, որը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից։ Նշենք, որ այդ հաշվեկշիռը հանձնաժողովը կազմում է ոչ թե ըստ օրացուցային տարվա, այլ փետրվարի 1-ից հունվարի 31-ը։
Արտադրության աճի մեջ հիմնական ներդրումը կունենան ատոմային և արևային էլեկտրակայանները։ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների ավարտի շնորհիվ 2025 թվականին դրա վերանորոգումը 90-ից կկրճատվի 60 օր, ինչը թույլ կտա ավելացնել արտադրությունը 364 մլն կՎտ/ժ-ով։
Էապես կաճի արևային էներգիայի արտադրությունը։ Հաջորդ տարի նախատեսվում է ավարտել Հայաստանում առաջին խոշոր արևային էլեկտրակայանի՝ «Մասրիկ-1»-ի 55 մեգավատ հզորությամբ շինարարությունը, որը մի քանի անգամ հետաձգվել է օտարերկրյա ներդրողների պատճառով։ ՀԾԿՀ-ի հաշվարկներով՝ 2025 թվականին «Մասրիկ-1»-ը կարտադրի 128 մլն կվտ/ժամ, իսկ մյուս արևային կայանները կավելացնեն ևս 246 մլն կՎտ/ժամ։ Արդյունքում արևային էներգիայի մասնաբաժինը երկրի ընդհանուր հաշվեկշռում կավելանա` 4%-ից հասնելով 8%։
Վերականգնվող էներգիայի մասնաբաժնի աճի ֆոնին նախատեսվում է կրճատել արտադրությունը ՋԷԿ-երում, քանի որ դրանց էլեկտրաէներգիան ավելի թանկ է։ Այսպես, «Հայաստանի էլցանցերը» կդադարեցնեն երաշխավորված գնումները Հրազդանի ՋԷԿ-ից, որը կկարողանա աշխատել միայն շուկայական պայմաններով գնորդների առկայության դեպքում։ Արտադրությունը Հրազդանի ՋԷԿ-ում, որը հնացած սարքավորումների պատճառով առանձնանում է բարձր ինքնարժեքով, նվազագույն կլինի։
2025 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի ՋԷԿ-երը ռուսական գազը կստանան արտոնյալ գնով՝ 46,7 դոլար 1000 խմ-ի դիմաց սովորական 265,81 դոլարի փոխարեն։ Այս արտոնությունը տարածվում է մոտ 450 մլն կՎտ/ժ արտադրելու համար պահանջվող գազի ծավալի վրա, ինչը կծածկի ջերմային էներգիայի ընդհանուր ծավալի մոտ 15%-ը։ Մնացած արտադրությունը կապահովվի իրանական գազով։ Եթե կայանները որոշեն ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան նախատեսված է հաշվեկշռով, նրանք գազ կգնեն ստանդարտ գնով։
Հիդրոէլեկտրակայանների արտադրությունը կմնա կայուն։ Որոտանի կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները արտադրությունը կավելացնեն 5%-ով (համապատասխանաբար մինչև 850 և 710 մլն կՎտ/ժ), իսկ Սևան-Հրազդան կասկադը կպահպանի ցուցանիշները 375 մլն կՎտ/ժ մակարդակում։
Հողմային էներգիայի արտադրությունը հաշվեկշռում ներառված չէ իր չափազանց փոքր ծավալի պատճառով։
2024 | 2025 | 2024 | 2025 | |
Էլեկտրա-էներգիայի աղբյուր | Ծավալ, մլն կՎտ/ժ | % ընդհանուր ծավալում | ||
ԱԷԿ | 2 470 | 2 834 | 29,6% | 32,7% |
ՋԷԿ | 3 657 | 3 173 | 43,9% | 36,6% |
ՀԷԿ | 1 858 | 1 935 | 22,3% | 22,3% |
Արևային էլեկտրակայան | 351 | 725 | 4,2% | 8,4% |
Ընդհանուր | 8 337 | 8 668 | 100% | 100% |