ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում։ Նա այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Նախաձեռնող խմբի անունից լիազորված եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում ենք կուսակցություն հիմնադրելու գործընթաց։ Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» (ՄԱՍԿ)»,- գրել է նա։
Հիմնադիր համաժողովի անցկացման վայրի, օրվա, ժամի մասին կհայտարարվի 2025 թվականի հունվարի 3-ին։
Նշենք, որ պատգամավորը դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։