ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է տեսակապով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ու Եվրասիական տնտեսական ֆորումը անցկացնել մայիսի վերջին Մինսկում:
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն նախազգուշացնում է, որ հայկական պատվիրակությունը նիստին կմասնակցի տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Ի՞նչ խնդիր ունեք՝ Մինսկը հեռո՞ւ է, թե՞ ձեզ տեղ հասցնող չկա։ Մենք կկազմակերպենք Ձեր պատվիրակության տեղափոխումը»,- արձագանքեց Լուկաշենկոն։
Փաշինյանը պատասխանեց, որ այդ մասով ինքն արդեն հրապարակային հայտարարություն արել է, և այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ։
Հիշեցնենք` Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։