ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»,– գրել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրառում էր արել` նշելով, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ–ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այնուհետև, նա իր գրառումը վիճարկող ՀՀ նախկին նախագահներին` 2-րդին և 3–րդին ուղիղ եթերում բանավեճի էր հրավիրել` հիմնավորելու իր ասածները։
Ըստ Մուսինյանի՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով` Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:
«Արդյունքը կրկին նույնն է լինելու»,– եզրափակել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ևս արձագանքել է Փաշինյանի` բանավեճի հրավերին` նշելով, որ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։
«Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար»,– գրել է նա։
Միկոյանն ավելացրել է, որ 2018-2024 թթ. Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։
«Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»,– ընդգծել է Միկոյանը։
Ըստ նրա` հազարավոր ոստիկանների և թիկնապահների հետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից էլ «Փաստինֆոյի» հարցին ի պատասխան ասել են, որ ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է։
«Ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009–2013 թթ. հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»,– հայտնել են գրասենյակից:
ՀՀ 3–րդ նախագահի գրասենյակից նաև նշել են, որ չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ Փաշինյանը լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ (Ադրբեջանի նախագահ–խմբ.) ինչպես 2016 թ., այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները: