«Իշլի քյուֆթա եմ ուտելու». Գարիկի առանց տաբուների զրույցը ընտանիքի ու երաժշտության մասին

Գարիկ Պապոյանը «Առանց տաբուների» հաղորդաշարի շրջանակում խոսել է կնոջ հետ փոխհարաբերությունների, «Գարիկ–Սոնա» և «Միմոդ» նախագծերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանը, որը Հայաստանում հայտնի է որպես բազմամյա բուսակեր, որոշել է առաջիկա Ամանորին բացառություն անել ու մայրիկի պատրաստած իշլի քյուֆթան ուտել։ Այդ մասին նա պատմեց Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդման շրջանակում։
Գարիկը խոստովանեց, որ մեծ ոգևորությամբ է սպասում Ամանորին, քանի որ 8 տարի անց մասնակցելու է ընտանեկան ավանդույթին` իշլի քյուֆթայի «խաղարկությանը»։ Սակայն դա չի նշանակում, որ հրաժարվում է բուսակերությունից։
«Ինձ ոչինչ չի ձգում, բացի մշակույթի վերածված ընտանեկան ավանդույթից։ Այո՛, այդ մշակույթն առնչվում է ճաշատեսակի հետ, որը երկար ժամանակ չեմ կերել, բայց եթե դրա պահպանման համար բացառություն է պետք, ապա սիրով կանեմ այդ բացառությունը»,– նշեց Գարիկը։
Երաժիշտը կարծում է, որ ձևավորել է իր երազած ամուր ընտանիքը։ Կինը` բլոգեր Մարիաննա Վարդանյանը, նրա առաջին քննադատն ու օգնողն է։ Գարիկը պատմեց, որ նրանք զուգերգ ունեն, որը դեռ չի հրապարակվել, բայց հնարավոր է` հայ հանդիսատեսը մի օր լսի այն։
Սպառնացող պաշտոնյաներ եղել են. Նարեկ Մարգարյանը` «Արմքոմեդիի» և հումորի մասին
Գարիկը երջանիկ է, որ երեք դուստրերի հայր է, բայց չի թաքցնում որդի ունենալու ցանկությունը։
«Կարծում եմ` տալու շատ բան կունենայի որդուս, բայց չկա, ուրեմն ընկերներիս ու հարևաններիս երեխեքին կտամ», – ասաց նա։
Պապոյանը նաև անդրադարձել է իր երաժշտական նախասիրություններին ու Տիգրան Համասյանին, խոսել «Գարիկ–Սոնա» և «Միմոդ» նախագծերի, «Գիթարիոնի» մասին։ Պատմել է սիրելի երաժիշտների մասին։ Գարիկը հումորային բլիցի է մասնակցել ու պատմել իր ընկերների մասին։ Մանրամասները` տեսանյութում։
Ցավոտ է «Արցախը» կատարելը. Սևակ Խանաղյանը պատմել է ընտանիքի և երգարվեստի մասին